ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 28 երեխա։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ երեխաների մի մասը ծնվել է փոխնակ մոր միջոցով։
«Այդ նույն ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ծնվել է 159 երեխա։ Նախատեսում ենք հաջորդիվ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, որպեսզի ավելի մեծացնենք շահառուների շրջանակը»,– նշեց Ավանեսյանը։
Նախարարը շեշտեց, որ Հայաստանում կա և՛ առաջնային, և՛ երկրորդային անպտղության խնդիր։
Նշենք, որ Անպտղության հաղթահարման ծրագիրը Հայաստանում գործում է 2019 թվականից։ 2019 թվականին ծրագրի շահառու է դարձել 385 անձ, 2020–ին` 524, 2021–ին` 917, 2022 թվականին` 842, իսկ 2023–ի հունվար-մարտ ամիսներին` 1132: Այս ծրագրի շնորհիվ 2020, 2021, 2022, 2023 (հունվար-մարտ) թվականներին համապատասխանաբար ծնվել է 49, 76, 128, 22 երեխա:
Տղամարդիկ նույնպես կարող են մասնակցել Անպտղության հաղթահարման ծրագրին, եթե դիմում են որպես ամուսնական զույգ: