Սրացման նոր փուլ Մերձավոր Արևելքում. ինչու է ԱՄՆ-ն ռմբակոծում Եմենը

Սանա. Եմեն. Արխիվային լուսանկար
Արաբագետը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակական չի տևի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եմենում տեղի ունեցող գործընթացներն ուղիղ առնչություն ունեն Մերձավոր Արևելքում ընթացող պրոցեսների, մասնավորապես Գազայում Իսրայելի կողմից նախաձեռնած պատերազմի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Դեկտեմբերի 12–ի գիշերը ԱՄՆ-ն իր գործընկերների հետ միասին ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հութիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:
Պետրոսյանի խոսքով` Արևմուտքի գլխավոր նպատակներից է տարածաշրջանում իրանական դիմադրության առանցքի չեզոքացումը, որի մեջ մտնում են պաղեստինյան մի շարք խմբավորումներ, Սիրիայում տարբեր խմբավորումներ, նաև Եմենի հութիական «Անսար Ալլահ» խմբավորումը։
«Որովհետև Գազայի պատերազմի մեկնարկից հետո տարբեր իրանամետ կառույցներ հիմնականում իրենց գործողություններով աջակցություն հայտնեցին պաղեստինյան խմբավորումների, Սիրիայի տարածքում որոշ կազմակերպությունների, որոնք պարբերաբար թիրախավորում էին Իսրայելի հյուսիսը։ Իրաքում որոշ իրանամետ խմբավորումներ թիրախավորում էին ամերիկյան ենթակառուցվածքներ, իսկ եմենական «Անսար Ալլահ» խմբավորումը թիրախավորում և խոչընդոտում էր դեպի Իսրայել նավերի անցումն իր կողմից վերահսկվող ծովային տարածքներում »,–նշեց նա։
Սակայն ոչ միայն դեպի Իսրայել նավերն էին հութիների կողմից թիրախավորվում, այլ նաև այն բոլոր նավերը, որոնք պատկանում էին Իսրայելի դաշնակից արևմտյան երկրներին։
Հենց վերոնշյալն էլ պատճառ դարձավ, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների կողմից ձևավորվի կոալիցիա տարածաշրջանային երկրների և այդ տարածքներում տնտեսական շահեր ունեցող արտատարածշրջանային որոշ խաղացողների` Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի ներգրավվածությամբ։
Չնայած նրան, որ հութիները հայտարարել են, որ պատրաստված բանակ ունեն և «ագրեսորը կզղջա հարվածների համար», սակայն փորձագետի համոզմամբ այս հակամարտությունը շարունակական չի լինի. ակնհյատ է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային գործողության ծրագրեր չունի և ընդամենը օդային հարվածների միջոցով կամ ռազմածովային ուժերի գործարկմամբ փորձելու է խնդիրը լուծել։
Միևնույն ժամանակ արաբագետը հավելեց, որ արաբական այս ցեղերը մշտապես տարբերվել են իրենց մարտունակությամբ իրենց համառությամբ, ռազմատենչությամբ։
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Եմենում Կարմիր ծովի ափերի մեծ մասը, նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և մյուս երկրներին կոչ էր արել այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերը և ծովում չմոտենալ դրանց: ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ի պատասխան հութիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողություն կսկսեն։ Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել էր, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա: