Սպանդանոցներում արձանագրված խախտումների թիվը 2023-ին ավելացել է․ ՍԱՏՄ

Միս
Սպանդանոցը հաճախորդին կարող է համապատասխան թուղթ տալ նաև միայն սպանդի առցանց հեռարձակման դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սպանդանոցներում արձանագրված խախտումների թիվը 2023-ին ավելացել է, ինչպես և նախկինում՝ հիմնականում հայտնաբերվել են սանիտարահիգենիկ խախտումներ։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը։
«2023-ին իրականացվել է 271 ոչ պլանային ստուգումներ, արձանագրվել է 130 խախտում, այսինքն՝ իրականացված ստուգումների 48 տոկոս դեպքերում խախտում է եղել։ 2022-ին ստուգում անցած 270 սպանդանոցից խախտում է արձանագրվել 93-ում»,- ասաց Սոնա Ծառուկյանը։
Սակայն սրա հետ մեկնտեղ, նախորդ տարի ավելացել է սպանդանոցներից օգտվողների թիվը։ Եթե 2023թ․-ին առաջին եռամսյակում սպանդանոցում իրականացվել է 608 խոշոր եղջերավոր կենդանու մորթ, ապա 4-րդ եռամսյակում այդ թիվը հասել է 2374։ Իսկ 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է ավելի քան երկու անգամ։
ՍԱՏՄ-ում ձեռքբերում են համարում նաև այն, որ նախորդ տարվանից վերահսկելի է դարձել սպանդանոցների անօրինական տեղեկանք տալու գործընթացը։
2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
«Նախկինում սպանդանոցները ոչ թե մորթ անելով էին զբաղվում, այլ թուղթ վաճառելով։ Այսինքն՝ տալիս էին թուղթ, իբրեւ թե կենդանին մորթվել է սպանդանոցում, բայց մորթն իրականում այլ տեղում էր իրականացվում։ Հիմա համապատասխան փաստաթուղթը տրվում է միայն սպանդի օնլայն հեռարձակման դեպքում»,- ասաց Ծառուկյանը։
Այսօր Հայաստանում գործում է 101 սպանդանոց։ ՍԱՏՄ-ում վստահ են, որ եթե դրանք իրենց ամբողջ ուժով աշխատեն, ապա բավարար կլինեն ամբողջ հանրապետության համար, բայց ցավով արձանագրում են, որ սպանդանոցները կանոնակարգված չեն աշխատում։