Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի վրա ԱՄՆ հարվածների հետ

ՄԱԿ–ի շենքը Նյու Յորքում
Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ գիշերը ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռուսաստանը խնդրել է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել ՝ կապված Եմենում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից թիրախներին հասցված հարվածների հետ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գիշեր ԱՄՆ-ն իր գործընկերների հետ ավիահարվածներ է հասցրել Եմենի տարբեր հատվածներում, այդ թվում ՝ մայրաքաղաք Սանայում գտնվող օբյեկտներին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Եմենում ԱՄՆ-ի և գործընկերների հարվածների թիրախը եղել են անօդաչու թռչող սարքերը, հրթիռները, ինչպես նաև հուսիների հետախուզության տեխնիկական հնարավորությունները:
«Ռուսաստանը հունվարի 12 – ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել ՝ կապված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Եմենին հարվածներ հասցնելու հետ», - ասվում է մշտական ներկայացուցչության Telegram-ալիքում:
Նշվում է, որ նիստը կսկսվի Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին):
Ավելի վաղ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի Եմենի ափերի մեծ մասը, նախազգուշացրել Էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և չմոտենալ նրանց ծովում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ի պատասխան հուսիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին կսկսեն Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողությունը: Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել է, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա: