«Խաղաղության խաչմերուկի» տնտեսական օգուտը Հայաստանում դեռ չեն հաշվարկել

«Ախուրյան» երկաթգիծ
Ներկա պահին նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանում դեռ չեն հաշվարկել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումից երկիրն ինչ տնտեսական օգուտ կունենա։ Տվյալներ չկան նաև, թե երթուղիներից որն է գործարկվելու սկզբնական փուլում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցմանը։
«Այս փուլում տարվում են աշխատանքներ` տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնելու ուղղությամբ: Հստակ տնտեսական օգուտներին հնարավոր կլինի անդրադառնալ տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո»,– ասված է հարցման պատասխանում։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից պնդում են, որ նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի նոր կապեր ստեղծել տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ Ծրագրի գործարկման արդյունքում հնարավոր կլինի խթանել միջազգային առևտուրը, տարանցիկ բեռնափոխադրումները, կձևավորվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող տարանցիկ և անվտանգ ճանապարհային ենթակառուցվածքներ, որոնք կհանգեցնեն տրանսպորտային ծախսերի նվազեցմանը:
Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակներում Հայաստանը պատրաստ է վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքի 4 հատված` մոտ 130 կմ ընդհանուր երկարությամբ:
Դա Նռնաձոր–Ագարակ ճյուղն է (43 կմ), երկաթգծի քանդված հատվածները Հրազդանից մինչև Կայան (80 կմ), Երասխից մինչև Նախիջևանի սահման (1 կմ), երկաթգծի քանդված հատվածները Գյումրիից մինչև Թուրքիայի սահման (6 կմ)։
«Խաղաղության խաչմերուկի» ենթակառուցվածքային բաղադրիչի մեջ ներառված են նաև
• «Հյուսիս-հարավ» ճանապարհային ենթակառուցվածքը, որի երկարությունը վերակառուցումից հետո կկազմի շուրջ 461 կմ,
• Կայան-Արմավիր` շուրջ 210 կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհահատվածը (Մ4 և Մ5 միջպետական ճանապարհներ),
• Կայան-Ախուրիկ` շուրջ 170 կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհահատվածը (Մ4, ՄՑ, Մ6, Մ3, Մ7 միջպետական ճանապարհներ),
• Գորիս-Անգեղակոթ` շուրջ 84 կմ երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհահատվածը (Մ2, Մ13 միջպետական ճանապարհներ)
• Սոթք-Երասխ` շուրջ 271 կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհահատվածը (Մ2, Մ4, Մ10 և Մ11 միջպետական ճանապարհներ):
«Խաղաղության խաչմերուկ» նախագծով վերակառուցման ենթակա ավտոմոբիլային ճանապարհներ
Միաժամանակ Հայաստանը պատրաստ է 7 ավտոմոբիլային անցակետ տեղադրել Ադրբեջանի (Կայան, Սոթք, Քարահունջ, Երասխ, Անգեղակոթ) և Թուրքիայի (Ախուրիկ, Մարգարա) հետ սահմանին, ինչպես նաև 5 երկաթուղային անցակետ` Ադրբեջանի (Նռնաձոր, Ագարակ, Երասխ, Կայան) և Թուրքիայի հետ սահմանին։
Գերատեսչությունից նաև նշել են, որ տեղեկություններ չունեն նախագծի շրջանակներում ավտոմոբիլային և երկաթուղիների շինարարության վերջնական արժեքի վերաբերյալ: Այս պահին կան միայն նախնական գնահատականներ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հրազդան-Իջևան-Ղազախ երկաթուղու վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, Երասխ-Հորադիզ երկաթուղին (Նախիջևանով և Սյունիքով)՝ 61,5 մլն դոլար, իսկ Գյումրի–Ախուրյան կայարանինը` (Թուրքիայի հետ սահման, խմբ.)՝ 8-9 մլն դոլար։
Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը 2021/2022 թթ. դրանք գնահատել է համապատասխանաբար 496 մլն դոլար, 226 մլն դոլար և 16,8 մլն դոլար։
Sputnik Արմենիան իր հերթին հաշվարկել է, որ Հայաստանի իշխանությունների գնահատականները դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղային գծերի վերականգնման արժեքի վերաբերյալ վերջին 2 տարվա ընթացքում կտրուկ փոխվել են։