ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Եմենում հուսիների դիրքերին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հարվածների արդյունքը կլինի տարածաշրջանում անկայունության ուժեղացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Ավելի վաղ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն էին սկսել Եմենում հուսիների դեմ։ Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պարտաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։
Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքը հայտնում է, որ Քանանին ասել է, թե ԱՄՆ–ի և Բրիտանիայի գործողությունները միտված են շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում տիրող իրավիճակից։
Իրանցի դիվանագետը Յեմենի ուղղությամբ հարվածն անվանել է կամայականություն և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի Եմենի ափերի մեծ մասը, նախազգուշացրել Էր Իսրայելի հետ կապ ունեցող կամ նրա նավահանգիստներ ուղևորվող նավերի վրա հարձակվելու մտադրության մասին և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և չմոտենալ նրանց ծովում:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ ի պատասխան հուսիների հաճախակի դարձած հարձակումների, տասը այլ երկրների հետ միասին կսկսեն Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործողությունը: Դրան ի պատասխան «Անսար Ալլան» զգուշացրել է, որ իրենց իրավունք են վերապահում հարձակվել ԱՄՆ-ի հետ համատեղ կոալիցիայի անդամ երկրների նավերի վրա: