Հրազդանից Չարենցավան ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել, կան տուժածներ

Պատգամավորի խոսքով` շղթայական ավտովթարի հետևանքով մի շարք քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հրազդանից Չարենցավան տանող ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Հրապարակված տեսանյութում երևում են շղթայական ավտովթար կադրերը։
«Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Այս ճանապարհահատվածում պատշաճ սպասարկում չիրականացնելու հետևանքով տուժում են մեր քաղաքացիները»,–գրել է նա։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։ Վթարների հետևանքով ճանապարհը ամբողջովին դարձել է անանցանելի։ Նշվում է, որ վիրավորների թիվը մոտ մեկ տասնյակ է։ Վարորդների մի մասը չսպասելով ԱՊՊԱ-ին՝ ավտոմեքենաները հրելով փորձում են դուրս բերել ճանապարհից։