«Հարցաքննվել եմ Covid-19-ի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով». Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը ասուլիսի ժամանակ
ՀՀ առողջապահության նախարարը հստակ չհիշեց, թե երբ է հարցաքննվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է Covid-19-ի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։ Նա այդ մասին հայտնեց ասուլիսի ժամանակ։
«Covid–19-ի գործով հրավիրել են հարցաքննության, հարցաքննվել եմ։ Դեկտեմբերի ընթացքում էր կամ նոյեմբերի վերջին։ Բայց հստակ օրը չեմ հիշի»,– նշեց Ավանեսյանը:
Հարցին` արդյոք ինքը որևէ բուժհաստատության հետ փոխկապակցված է, Ավանեսյանը բացասական պատասխան տվեց։
«Որևէ բժշկական կենտրոնի հետ փոխկապակցվածություն կամ բաժնեմաս չունեմ, ոչ էլ իմ ընտանիքի անդամները, այդ թվում` մայրս, քույրս, ամուսինս, երեխաներս։ Մինչև չապացուցեք հակառակը` անհընդհատ մի կրկնեք նույն սուտը»,– ասաց նախարարը։
Նշենք, որ լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են տարածվում, որ Անահիտ Ավանեսյանի մայրը Երևանում գործող մասնավոր կլինիկաներից մեկի սեփականատերն է։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը (որը հետագայում ազատ արձակվեց) ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։