ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կրկին վերանշանակվեց Արմեն Աբազյանը։ Տեղեկությունը հրապարակված է e-gov հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,– ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
Նշենք, որ Արմեն Աբազյանն այսօր ազատվել էր պաշտոնից ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին ԱԺ–ն ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ըստ որի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակում է ոչ թե նախագահը, այլ վարչապետը։