Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացած մասունքներ դեռ կան. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Զոհված զինծառայողների մասունքների փորձաքննության արդյունքները ամփոփելու գործընթացը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մնացած մասունքներ դեռ կան։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մասունքներ կան, որոնք բազմիցս փորձաքննվել են և դրանց արդյունքները մշտապես նույնն են եղել։ Վստահեցնում եմ` Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից հաստատված որևէ նույնականացում չի ժխտվել ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում իրականացված փորձաքննությունների արդյունքում»,– նշեց Ավանեսյանը։
Նա ասաց, որ դեպք է եղել, երբ փորձաքննության միջոցով 44-օրյա պատերազմի զոհված մասնակիցը նույնականացվել է, բայց հարազատները հրաժարվել են հուղարկավորել այդ մասունքը։ Այդ պարագայում պետությունն իր վրա է վերցնում հողին հանձնելու գործընթացը։
Նախարարն ընդգծեց, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ և միջնորդությամբ ավելի խորացված փորձաքննությունների հնարավորություն է ընձեռվել Հայաստանին, ինչից օգտվել է։
Ավանեսյանի խոսքով` զոհված զինծառայողների մասունքների փորձաքննության արդյունքները ամփոփելու գործընթացը շարունակվում է։