Ադրբեջանի նախագահը տեղի հեռուստաալիքներով, բաց տեքստով հայտարարեց, որ արտատարածքային միջանցք է պահանջում Հայաստանի տարածքով։ Ալիևը բառացի ասաց, որ Ադրբեջանից Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց ստուգման և սպառնաց, որ հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ադրբեջանի նախագահը ուղիղ հայտարարեց նաև, որ մտադիր չէ զորքերը հետ քաշել Հայաստանի օկուպացված տարածքներից։
Բացի այդ, նա հիշատակեց նաև անկլավների հարցը` հավելելով, որ այն քննարկել է Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ «ոտքի վրա» հանդիպմանը։ Ալիևը փաստացի Հայաստանին ներկայացրեց արտատարածքային միջանցքի և տարածքային պահնջներ` ուղեկցելով դրանք կոնկրետ սպառնալիքներով. ասելով, որ եթե «Բաստիոն» կոչվող թիթեղյա տարաներից բացի Հայաստանից իրական սպառնալիք տեսնեն` կոչնչացնեն։
Այս բառամթերքով խոսող երկրի ղեկավարի հետ հնարավոր է արդյոք խաղաղություն կնքել։ Ալիևն կտրուկ հայտարարություններով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Բաքվին պետք չէ խաղաղության պայմանագիրը. Ադրբեջանի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է։ Այս տեսակետն է իմ գործընկեր Աշոտ Սաֆարյանի հետ զրույցում հայտնել պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, «APRI Armenia»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։