ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2023 թվականին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10 հազար 121 բնակելի տարածք։ ՀՀ Կադաստրի կոմիտեն 2023թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետը այդ թիվը շատ հուսադրող է համարել և ներկայացրել նախկին տարիների ցուցանիշները։
«2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 285 է, 2019-ին՝ 3 246, 2020-ին՝ 4235, 2021-ին՝ 6 364, 2022-ին՝ 6 463, 2023-ին՝ 10 121: Այսինքն` 2018 թվականից 32714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել»,–ասել է նա։
Կոմիտեում հայտնել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: 2023 թվականին միայն Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց Ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:
«Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում»,–հայտնել են կոմիտեից։
Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։
Բացի այդ, նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։