ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) քննիչներին մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն տալ։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ քննարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հեղինակը ՔՊ–ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն է։
«Նման առաջարկ ենք արել` հաշվի առնելով ԶՔԳՎ–ի քննիչների ծառայության առանձնահատկությունները։ Պարոն Գաբրիելյանի հետ պայմանավորվել ենք, որ այս առաջարկը կիրացնենք միայն ԶՔԳՎ–ի քննիչների մասով»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը շրջանառության մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։ Դրանից հետո, ուսումնասիրելով, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում, Գաբրիելյանն առաջարկել է մի շարք փոփոխություններ մտցնել։ Օրինագիծը ՆԳՆ-ում քննարկումների մի քանի փուլ է անցել։
Նախագծի ներկայիս խմբագրության մեջ զենքի դասակարգման մեջ առաջարկվել է վերացնել «ծառայողական» կատեգորիան՝ թողնելով միայն քաղաքացիականն ու մարտականը։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։ Բացի այդ, ներկայիս օրենսդրության համաձայն, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Հիմա առաջարկվում է շեմը նվազեցնել մինչև փոխգնդապետ։
Առաջարկվում է նաև ինքնաշեն զենքի արգելք սահմանել, որը կվերաբերի ոչ միայն հրազենային, այլև զենքի ցանկացած այլ տեսակի։