Շատ գայթակղիչ առաջարկ է. ՔՊ–ական պատգամավորը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

Անդրանիկ Քոչարյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր միասնական ուժն է ստիպելու հետ գնալ։ Մեր միասնական ուժի մեջ միայն բանակը չէ»,–ասաց նա։
Ըստ Քոչարյանի` պետք է ամեն օր արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը։ Նա նշեց, որ Ադրբեջանը, օրինակ, 1994 թ.–ից լուռ մտածում էր այն խնդիրների լուծման շուրջ, որը Հայաստանը բաց էր թողել իր տեսադաշտից։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն մտադիր չէ զորքերը հայելային կերպով հետ քաշել սահմանից` ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց, որ Ալիևի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել։
«Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի մյուս հայտարարությանը, թե Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքելու հարցում երաշխավորներ պետք չեն, Քոչարյանն այսպես արձագանքեց. «Շատ գայթակղիչ առաջարկ է»։
Նա հավելեց, որ Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, այլ բան է` Հայաստանը այդ ցանկությունները կանխելու հնարավորություն ստեղծել է, թե ոչ։
Ադրբեջանի ներկայացրած առաջարկներում կա և՛ հետընթաց, և՛ առաջընթաց․ Արարատ Միրզոյան