Քաղաքական առևտրականների կյանքը 40 օր է. Հայկ Մարությանը` Վարդան Ղուկասյանի մասին

Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետի խոսքով` «Հանրային ձայնի» լիդերը խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է Վարդան Ղուկասյանին «Հանրային ձայն» կուսակցությունից հեռացնելու հայտարարությունը։
Այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում նրա անդամությունը կուսակցությանը։ Ղուկասյանն արձագանքել էր այս հայտարարությանը` շեշտելով, որ եթե ինքը չլինի կուսակցությունում, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։
Մարությանը նշել է, որ այսօր պաշտոնական հաստատում ստացավ այն, ինչի մասին իրենք ասում էին վերջին երեք ամիսներին։
«Եթե չեք հետևել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել, «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»»,– գրել է նա ֆեյբուքյան էջում։
Մարությանը ևս մեկ անգամ նշել է, որ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
«Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվռտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջև, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում»,– գրել է նա։
Վերջում նա ձևափոխել է հայտնի ասացվածքը` նշելով, որ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը 40 օր է։