Փաշինյանին զեկուցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի մասին

Թմրանյութ
Արձանագրվել է նաև համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտված դեպքերն աճել են 2,5 անգամ։ Ներքին գործերի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2 354-ով (1 445-3 799), որից 2287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են:
Արձանագրվել է նաև համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։
Մեկնաբանելով այս ցուցանիշները՝ Փաշինյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերի աճը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ չի կարող չհամաձայնել որ այնուամենայնիվ ապօրինի շրջանառությունը աճել է։
Փաշինյանի խոսքով` պարզ է, որ ոստիկանության և քննչական մարմինների գործառույթը այդ դեպքերը բացահայտելն է, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: