ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գործող «Նոր Զովք» խանութում և Աբովյան քաղաքում՝ անհատ ձեռնարկատեր Լաուրա Միրզոյանին պատկանող սննդամթերքի իրացման կետում, ժամկետանց և վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել այդ խանութներում։
Արդյունքում «Նոր Զովքում» հայտնաբերվել է ժամկետանց մսային արտադրանք` հում, ապխտած, պաղեցված (1 հատ), կարմիր պղպեղով երշիկ` եփած, մսային արտադրանք, պաղեցված (1 հատ), քաղցրասերուցքային կարագ էքստրա՝ 2 տուփ, կարագ (պաստերիզացված սերուցք)՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև չափածրարված սննդամթերք, որի վրա բացակայել են պիտանիության ժամկետը և պահման պայմանները` 11 կգ լոռի պանիր, 3 տուփ հալած բուսաճարպային խառնուրդ, ինչպես նաև սալյամի երշիկ` 2 կգ, որի վրա բացակայել է սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշը:
Անհատ ձեռնարկատիրոջը պատկանող խանութում հայտնաբերվել է ժամկետանց կրեմային խմորեղեն (3 տուփ), ապխտած պանիր (13 տուփ), ջերկի (1 հատ), աջարական խաչապուրի (9 հատ), ինչպես նաև թերի մակնշմամբ ձկան ֆիլե (2 տուփ)։
Նշված ապրանքները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել։