ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը վերջապես հավանության արժանացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների զեղչերի մասին օրինագիծը։
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել էր դեկտեմբերի 28–ի նիստում, բայց հետաձգվել էր լրամշակման նպատակով:
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքով` եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։
«Բացի այդ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված։ Ընդ որում` եթե որոշումը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20%–ի արտոնություններից»,– ասաց Ղազարյանը:
Ըստ նոր փոփոխությունների` եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածը ստանում է 20% զեղչ:
«Ենթադրենք` անձը պետք է վճարի 10 հազար դրամ, վճարում է 5 հազար դրամ: Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար կարգավորումից հետո քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ կատարողական ծախս»,– ասաց նա։
Կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կներկայացնի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։