Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարարը մշակույթի նախարար է նշանակվել

Ֆրանսիայի դրոշ
Դաթին Ֆրանսիայի արդարադատության նախարար է եղել Նիկոլա Սարկոզիի օրոք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դաթին մշակույթի նախարար է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռիմա Աբդու-Մալակին, որն ավելի վաղ անհամաձայնություն էր հայտնել նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանը (Ֆրանսիայի ղեկավարը դեմ էր արտահայտվել սեռական բռնության մեջ մեղադրվող դերասան Ժերար Դեպարդիեի հետապնդմանը, ինչպես նաև ներգաղթի խստացման մասին նոր օրենքին):
2007-2009 թվականներին Դաթին Ֆրանսիայի արդարադատության նախարարն էր նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունում, մինչ այդ նա Սակոզիի խորհրդականն էր։
2021 թվականից Դաթիի դեմ հետաքննություն է ընթանում ։ Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Ըստ ֆինանսական դատախազության`2009-2011թթ. նա 900 հազար եվրո է ստացել «Renault» ընկերությունից, որի համար լոբբինգ է արել Եվրախորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ(2009-1019թթ.): 2020 թվականին նա պայքարում էր Փարիզի քաղաքապետի աթոռի համար, սակայն հաղթեց Անն Իդալգոն։
Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին և հրավիրել Հայաստան
Հիշեցնենք` հունվարի 9–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ նշանակեց 34-ամյա Գաբրիել Ատալին: Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է, մինչ այս նշանակումը ղեկավարում էր կրթության նախարարությունը։