ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– նշված է որոշման մեջ:
Ըստ մամուլի տեղեկությունների` Արմավիր խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար, 32-ամյա Դավիթ Խուդաթյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է։
Հիշեցնենք, որ հունվարի 5–ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, կանգ առել Արագած բնակավայրում, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ ու խնդիրներ արձանագրել։