ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ղարախանյանը։
«Թումանյանի հետ հեշտ կլինի մանկություն վերադառնալն ու այն վերաարժևորելը, ցավի հետ ապրելն ու այն իմաստավորելը, կորցրածի հետ չհաշտվելն ու չհրաժարվելը...»,–գրել է նա։
Ղարախանյանը հավելել է, որ պետք է գործել Թումանյանի թելադրանքով Թումանյանին լավագույնս ճանաչող, Ամենայն հայոց բանաստեղծի ֆենոմենը սերունդներին փոխանցող թանգարանի կոլեկտիվի և ոլորտը համակարգող կառույցի հետ։
Ղարախանյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին աշխատանքի առաջարկի համար։
Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը հեռացվել էր աշխատանքից արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։ Անի Եղիազարյանը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։