Ալիևը բացահայտեց «խաղաղության պայմանագրի» իրական նպատակը, այն է` ՀՀ–ի կլանումը․ քաղաքագետ

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Երևանը, ի վնաս իր շահերի, շարունակում է մասնակցել սպառնալիքների և շանտաժի միջոցով պարտադրված բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բավական կտրուկ հայտարարություններով հերթական անգամ ցույց տվեց, որ Բաքվին պետք չէ խաղաղության պայմանագիրը այն տեսքով և նշանակությամբ, որով այդ փաստաթուղթը ներկայացնում է Երևանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, «APRI Armenia»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Ալիևի վերջին հարցազրույցը մեկ բան է նշանակում` Բաքուն շարունակում է ճնշում գործադրել Երևանի վրա՝ որևէ լուրջ դիմադրության չհանդիպելով: Այս պայմաններում նույն տխրահռչակ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի տեսանկյունից ընդամենը գործիք է գլոբալ նպատակներին հասնելու համար։
Շատ գայթակղիչ առաջարկ է. ՔՊ–ական պատգամավորը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները
Մելքոնյանը կարծում է, որ Ադրբեջանի և նրա հետևում կանգնած Թուրքիայի գլոբալ խնդիրը տարածաշրջանի «հայաթափումն» է։ Այդ օրակարգի սպասարկմանն են ուղղված բոլոր խոսույթները, որոնք հնչեցնում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Բաքուն շարունակում է առաջ մղել այսպես կոչված «անկլավների», «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» թեման։
Սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում Հայաստանը կկտրվի Վրաստանից ու Իրանից, երկու հարևաններից և դեպի արտաքին աշխարհ երկու դարպասից, «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանից կկտրի Սյունիքը, իսկ ադրբեջանցիների «վերադարձը» ճանապարհ կբացի դեպի հայկական տարածքի սողացող ու աստիճանական օկուպացիա։
Նշենք, որ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։
Մելքոնյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ՀՀ իշխանությունը Ադրբեջանի հնչեցրած կետերից ոչ մեկին պատշաճ հակազդեցություն չեն ցուցաբերում: Ավելին` հայկական կողմն ինքն է հասկացնում, որ պատրաստ է հետևել Բաքվի պահանջներին։ Փորձագետը հիշեցրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի` վերջերս արած հայտարարությունը։ Խանդանյանն ասել էր, որ Երևանը պատրաստ է քննարկել ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխման [Հայաստանի տարածքով] ընթացակարգերի պարզեցման հարցը։
Տեսնելով, որ սպառնալիքներն ու շանտաժը կարող են արդյունք տալ, ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել։

«ՀՀ ղեկավարությունը կարող էր գոնե հակընդդեմ պահանջներ/առաջարկներ ներկայացնել Ադրբեջանին, օրինակ՝ Նախիջևանով Երևանից Մեղրի անցնելու հատուկ ռեժիմի տեսքով (ադրբեջանական Ինքնավարության տարածքով դեպի Սյունիք ճանապարհը զգալիորեն ավելի կարճ է՝ խմբ.)։ Դիվանագիտության մեջ փոխադարձության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել, և ցանկացած զիջում պետք է փոխադարձ լինի։ Կամ եթե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել իր զինված ուժերի խոշորացումից, ապա Երևանն իրավունք ունի նույնը պահանջել Բաքվից։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է սրընթաց զինվել և ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է շարունակի մասնակցել բանակցություններին, որտեղ պայմաններն ու սցենարները պարտադրում է Ադրբեջանը սպառնալով ու շանտաժով: Եվ ոչ մի դեպքում չի կարելի պնդել, որ բանակցություններից հրաժարվելն անպայման հղի է նոր պատերազմով։ Մելքոնյանը համոզված է` չմասնակցելով ակնհայտ պարտվողական բանակցություններին և զուգահեռաբար ստեղծելով զսպման ռազմաքաղաքական մեխանիզմներ՝Հայաստանը կկարողանար պաշտպանել իր շահերը և խոչընդոտել Ադրբեջանի ծավալապաշտական մտահղացումների իրագործումը։