2023 թվականին աճ են գրանցել բոլոր հարկատեսակները, բացի մեկից. Բադասյան

ՊԵԿ նախագահը հայտնեց` նախորդ տարի ապահովվել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 2023 թվականը ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի էր։ Նախորդ տարին ամփոփիչ ասուլիսում այսպես բնորոշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով` կառավարության ծրագրող սահմանված թիրախը` ըստ որի 0.5 տոկոսային կետով պետք է բարելավվեր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, նույն չափով կատարվել է, ինչպես նաև աճ են գրանցել բոլոր հարկատեսակները, բացի մեկից։
«Բացառությունը բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթին է, այդ հարկատեսակի մուտքերը նվազել են, իսկ պատճառը մետաղների միջազգային գներն են»,–ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ 2023 թվականին ապահովվել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 միլիարդով ավել են եղել, քան նախորդ տարի։
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ բարեփոխումների շրջանակներում 2024 թվականից մաքսային մարմի-տնտեսվարող սուբյեկտ շփումը կհասցվի նվազագույնի, հնարավոր կլինի մաքսազերծման ամբողջ պրոցեսը և հաղորդակցությունը կազմակերպել բացառապես էլեկտրոնային հարթակով։