Վազգեն Թևանյանը Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթողն է

Կիսաեզրափակչում Թևանյանը հաղթել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Զագրեբում ընթացող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանի մրցակիցն էր Իրանի ներկայացուցիչ Ռահման Ամուզադխալիլին, որը դուրս եկավ գորգ, բայց չգոտեմարտեց վնասվածքի պատճառով, և Թևանյանը դարձավ մրցումների հաղթող։
Հայ ըմբիշը երեք հաղթանակ տոնեց` 1/8 եզրափակիչում հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզոևին։ Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Մաքկենային, իսկ կիսաեզրափակչում Թևանյանը ռևանշի հասավ Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերայի նկատմամբ` աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտության դիմաց։
Նշենք, որ հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը (չշփոթել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի հետ)։ Մրցումներում Հայաստանը ներկայացված է մեկ ըմբիշով՝ Եվրոպայի ազատ ոճային չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։