ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Իրականացրած կրթական լայնածավալ բարեփոխումների արդյունքում ռազմական ակադեմիան հնարավորություն է ստացել հայտ ներկայացնել՝ Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամակցելու նպատակով։ Հաշվի առնելով ակադեմիայի իրականացրած կրթական բարեփոխումները՝ հայտը հաստատվել է»,- նշված է հաղորդագրությունում։
Անդամակցելով միջազգային ասոցիացիային՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ստանում։
Ակադեմիան կարող է օգտվել աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների կրթական բազմաթիվ ծրագրերից, օրինակ՝ ուսանողների փոխանակման, դասախոսների վերապատրաստման և փոխանակման, կրթական համատեղ ծրագրերի ու վարժանքների իրականացման և մի շարք այլ ծրագրերից։
Նշենք, որ Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա, Բրազիլիա, Կատար, Լեհաստան, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Կոլումբիա, Ֆիլիպիններ, Կոսովո)։