ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Մարտինի» զբոսանավը, որում վեց ռուս զբոսաշրջիկներ են եղել, խորտակվել է Պհուկետից ոչ հեռու գտնվող Խե (Թաիլանդ) փոքրիկ կղզու մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պհուկետի Phuket New լրատվական հարթակին։
Նշվում է, որ բոլոր ռուսաստանցիներն ու անձնակազմի երեք անդամները փրկվել են:
Աղետը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Ռուսների կողմից վարձակալված նավը առավոտյան ուղևորվել է Պհուկետից՝ շրջելու մոտակա մի քանի կղզիներ: Նավում եղել են 2 մեծահասակ, 4-ից 14 տարեկան չորս երեխա։
Բոլոր ուղևորներին և երեք հոգուց բաղկացած Martini թիմին փրկել է ջրից և ընդունել նույն ծովածոցում գտնվող Panwa Princess նավի անձնակազմը, փրկվածներից ոչ ոք չի տուժել: Հարթակը հայտնում է, որ ռուս զբոսաշրջիկները տեղափոխվել են Պհուետև ուղևորվել իրենց հյուրանոց:
Պհուկետի ծովային և նավահանգստային ծառայության տեղեկատվության համաձայն՝ աշխարհահռչակ զբոսաշրջային կղզու իշխանությունները դատական հայց են նախապատրաստում Martini նավի սեփականատիրոջ և օպերատորի դեմ, որը ծով է դուրս եկել չգրանցված ու պատշաճ կերպով չվավերացված շարժիչով և առանց զբոսաշրջային զբոսանքների փոխադրումների իրականացման լիցենզիայի։