ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000–ը դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից

Արցախից բռնի տեղահանվածներ. արխիվային լուսանկար
Այն տեղահանվածները, որոնք չեն օգտվել 100 000 դրամ աջակցության ծրագրից, մեխանիկորեն չեն օգտվում նաև 40 +10 հազար ծրագրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Մենք պետք է վստահ լինենք այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը, պետք է համադրենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, և առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց դրանք կփոխանցվեն»,–ասաց Մկրտչյանը։
Ի դեպ, նրանք, ովքեր դեռ չեն օգտվել 100 000 դրամ աջակցության ծրագրից, մեխանիկորեն չեն օգտվում նաև 40 +10 հազար ծրագրից։
Մկրտչյանի խոսքով` հունվարից հետո պարզ կլինի, թե ովքեր են իրենց իրական շահառուները։
«Այժմ անհրաժեշտություն է առաջացել հերթով անցնել այդ հազարավոր տվյալների վրայով, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել ։ Այն որոշումները, որ կայացրել է ներդրված թվային համակարգը` մեզ չի բավարարել, և մենք հիմա գնացել ենք նոր փոփոխությունների, որպեսզի գնահատենք` արդյոք մեր հայրենակիցներն իսկապես դրա շահառուն էին ու չեն ստացել»,–ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով` 50 000 դրամ աջակցության երկամսյա ծրագրի մասով, որոնք պետք է տրվեին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին (նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար) շատ քիչ դիմելիություն է եղել։
Նշենք, որ ծրագրի շահառու չէին կարող դառնալ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք:
«Իրազեկվածություն եղել է, բայց մարդիկ չեն դիմել, որովհետև ֆիլտրեր են աշխատում, և պետք է տեսնեինք` իրենց հաշվեհամարներին 2 մլն դրամ գումարից ավել կա, թե ոչ»,–ասաց նախարարը։
Բռնի տեղահանվածներից քանի՞սն է ստացել 100 000–ական դրամը. նախարարը տվյալներ ներկայացրեց
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։