Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից շուրջ 6000–ը ՀՀ–ում աշխատանք է գտել

Բռնի տեղահանված արցախցիները Կոռնիձորում. Արխիվային լուսանկար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով` իրենք պետք է խրախուսեն աշխատանքը, քանի որ դրա միջոցով է հնարավոր հաղթահարել ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից շուրջ 6000–ը ՀՀ–ում աշխատանք է գտել։ Տեղեկությունը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` իրենք պետք է խրախուսեն աշխատանքը։ Աշխատանքի խրախուսման միջոցով է հնարավոր հաղթահարել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե մարդկանց աջակցության ծրագրերից կախվածության մեջ պահելով։
«Երբ հիմա նայում ենք ՊԵԿ–ի բազաները, տեսնում ենք, որ մոտ 6000 մարդ ունի աշխատանք, որից 600–ը միասնական սոցիալական ծառայության աշխատանքի արդյունքում է աշխատանքի տեղավորվել։ Մի քանի հազարն էլ խորհրդատվություն են ստացել»,–ասաց նա։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ աշխատանք գտած արցախցիների թիվն ավելացել է 650–ով։