ԿԲ–ն առաջարկելու է, որ պետական վճարումների դեպքում միջնորդավճար չլինի

POS տերմինալ
Այս պահին 20–24 հազար POS տերմինալ չի օգտագործվում ՀՀ տարածքում։ Սա ԿԲ ներկայացուցիչը լուրջ խնդիր է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԿԲ–ն առաջարկ է անելու, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Ըստ նրա` չնայած մշակույթն արդեն ձևավորել է, բայց անկանխիկ եղանակով վճարումները դեռ համատարած չեն։ Նա նաև դժգոհեց, որ կան դեպքեր, երբ կանխիկ ու անկանխիկ տարբերակով վճարումների դեպքում գների տարբերություն կա. հատկապես մեծ գնումների դեպքում այդ տարբերությունը ակնհայտ մեծ է։
«Մենք ունենք իրավիճակ, երբ POS տերմինալները տեղադրվել են, սակայն չեն օգտագործվել։ Այդպիսի 20–24 հազար POS տերմինալ չի օգտագործվում ՀՀ տարածքում։ Հուսով ենք, որ պետական բոլոր ծառայությունները շուտով սպառողների համար զրոյական միջնորդավճարով կիրականացնեն իրենց ծառայությունները։ Մենք նման առաջարկ ենք ներկայացնելու, որպեսզի անկանխիկի և կանխիկի դեպքերում այդ անհամարժեքությունը վերանա»,– հայտարարեց նա։
Գևորգյանը դրական միտում է համարում այն, որ կանխկացումները շատացել են, սակայն վատ է, որ մարդիկ գումարը ստանում են քարտով ու անմիջապես կանխիկացնում այն, այլ ոչ թե անկանխիկ գործարք անում։
Ըստ նրա` քաղաքացիներն անկանխիկ եղանակով հիմնականում գնումներ են կատարել սուպերմարկետներում, մթերային խանութներում, այնուհետև սննդի կետերում՝ ռեստորաններում, հաջորդում են հյուրանոցները: Ըստ նրա՝ էական աճ կա նաև առողջապահության ոլորտում անկանխիկ գործարքների առումով:
Նշենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով՝ Երևանում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները 2022 թ. հուլիսի 1–ից ընդունվում են միայն անկանխիկ ձևով, 2023 թ.ի հուլիսի 1–ից՝ նաև ՀՀ մարզերի վարչական կենտրոններում: 2024 թ–ի հուլիսի 1-ից այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է անկանխիկ ձևով: