Կարմիր մահիկի 4 աշխատակից է զոհվել Գազայում շտապօգնության գնդակոծության հետևանքով

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածի կենտրոնական մասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ կազմակերպության չորս աշխատակիցներ զոհվել են Գազայի հատվածի կենտրոնական մասում իսրայելական զորքերի կողմից շտապօգնության մեքենայի գնդակոծման հետևանքով: Տեղեկությունը նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապօգնության չորս աշխատակիցներ զոհվել են Սալահ ադ-Դինա ճանապարհին, Գազայի հատվածի կենտրոնական մասում շտապօգնության մեքենայի գնդակոծման հետևանքով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2023–ի հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի գերիներն ազատ կարձակվեն պաղեստինցիների պայմաններով. ՀԱՄԱՍ
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: