ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Հայաստանը դեռևս չի կարողացել ամբողջությամբ օգտագործել Հունաստանի հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ հանդիպման ժամանակ։
«Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը»,- նշել է վարչապետը։
Նա շեշտել է, որ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումը շատ կարևոր է Հայաստանի համար։
Գերապետրիտիսն իր հերթին ընդգծել է, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է սատարել Հայաստանին բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու շուրջ երկխոսության հեռանկարի շրջանակում։
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտգործնախարարին
Հիշեցնենք` Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը Հայաստան է ժամանել այսօր։ Նա առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում է կայացել։ Հույն պաշտոնյան Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։