Գերմանիան ֆինանսական օգնություն է առաջարկում ՀՀ-ին հակառուսական քայլերի համար․ ՏԱՍՍ

Աղբյուրը հայտնել է, որ Բեռլինը շահագրգռված է Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, դրա և մի շարք այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկում Երևանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Գերմանիան ձգտում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս լարել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հայտնել է նաև, որ գերմանացիները շահագրգռված են, որ Հայաստանի իշխանություններից հեռացվեն այն մարդիկ, որոնք Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ են տրամադրված, ներառյալ՝ զինված ուժերից, հատուկ ծառայություններից և իրավապահ մարմիններից:
Փոխարենը, ըստ աղբյուրի, Բեռլինն առաջարկում է Երևանին ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զանգվածային արտագաղթը Եվրոպական Միության երկրներ կանխելու համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը, ենթարկվելով Արևմուտքի հորդորներին, փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխել «մշուշոտ խոստումներով»։ Ըստ նախարարի ՝ Երևանը փորձում է Ռուսաստանին մեղադրել բոլոր դժբախտությունների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Սակայն, ինչպես նշել Է Լավրովը, Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։