Եթե պաշտոնանկությունը կապենք ԶՈւ դժբախտ դեպքերի հետ, ապա նախարարը պետք է շաբաթը մեկ փոխվի

Արմեն Խաչատրյան
ՔՊ-ական պատգամավորը պարզաբանեց ՝ արդյոք ՊՆ ղեկավարը պետք է պատասխանատվություն կրի բանակում տեղի ունեցած միջադեպերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Եթե բանակի քաղաքական պատասխանատուի պաշտոնավարության հարցը կապվի բանակում կատարվող հանցագործությունների հետ, ապա այդպես պաշտպանության նախարարը պետք է փոխվի ամեն շաբաթ կամ ամիսը երկու անգամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ի պատասխան հարցին` արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատվություն կկրի բանակում մահվան դեպքերի համար։
Նախօրեին հայտնի դարձավ որ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Խաչատրյանի խոսքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարի նշանակման կամ պաշտոնից ազատման հարցը չպետք է դիտարկվի բանակում դժբախտ պատահարների կամ հանցագործությունների հետ։ Խաչատրյանը նշեց, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը քաղաքական պատասխանատվություն է կրում բանակի համար։
«Սակայն եթե բանակի քաղաքական պատասխանատուի պաշտոնավարության հարցը կապենք դժբախտ պատահարների կամ բանակում կատարվող հանցագործությունների հետ, ապա այդպես պաշտպանության նախարարը պետք է փոխվի ամեն շաբաթ կամ ամիսը երկու անգամ։ Այդպես չի կարող լինել։ Դա աբսուրդ է», - ասաց Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, այն անձինք, որոնց գործունեությունը կամ նրանց անգործությունն առաջացրել է հետևանքներ, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Խաչատրյանը հիշեցրեց նաև բանակում իրականացվող բարեփոխումների մասին, հատկապես Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ Նրա խոսքով ՝ շատ բան է փոխվել ՝ ՀՀ ԶՈւ շարքերում նվազել են ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը։