«ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով` թույլ տալով անհպում գործարքներ. Խաչատրյան

Բանկային քարտեր
Մարդիկ հաճախ դժգոհում են, որ ազգային «ԱրՔա» համակարգով հնարավոր չէ անհպում գործարքներ իրականացնել, իսկ միջազգային քարտերը միջնորդավճար են գանձում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «ԱրՔա» քարտերն այս տարվանից կթողարկվեն չիպով` թույլ տալով անհպում գործարքներ իրականացնել։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Ըստ նրա` «ԱրՔա»–ն, լինելով ազգային վճարային միակ համակարգը, այս պահին շատ հարցերում հետ է մնում միջազգային քարտերից, ինչն էլ իր հերթին շատ հաճախ դժվարացնում է երկրի ներսում անկանխիկ գործարքները։
««ԱրՔա» քարտի գրավչությունն այն է, որ ՀՀ–ում դրանք ավելի մատչելի են, քանի որ միջնորդավճարներ չկան, սակայն միջազգային չեն, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերը։ Երբ հունվարի 1–ից «ԱրՔա»–ի բոլոր տեսակի քարտերը թողարկվեն չիպով, վարքագծային տեսանկյունից շատ կարևոր քայլ կլինի, քանի որ այսպիսով հնարավոր կլինի իրականացնել նաև անհպում գործարքներ, ինչպես «Վիզա» կամ «Մաստեր» տեսակի քարտերի դեպքում»,– նշեց Խաչատրյանը։
ԿԲ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ շատ շուտով «ԱրՔա» քարտերը կհայտնվեն Android հեռախոսների NFC (անհպում) համակարգում։
Ինչպիսի՞ն կլինի 2024թ–ը ՀՀ տնտեսության համար. Վարդան Արամյանի կանխատեսումը
««ԱրՔա» համակարգը մինչ օրս զբաղվել է ենթակառուցվածքով, իսկ «Վիզա» ու «Մաստեր» քարտերը խրախուսական քայլեր են արել միշտ` քեշբեքեր, գովազդ, տարբեր հետաքրքիր ծրագրեր և այլն։ «Արքա»–ն երբեք նման բաների համար բյուջե չի հատկացրել, համենայնդեպս վերջին 10–15 տարում։ Փոխարենը «Վիզա» ու «Մաստեր» քարտերը շարունակել են իրենց ագրեսիվ մարքեթինգային քաղաքականությունը։ «Արքա»–ն, այո՛, իր համակարգի առաջխաղացման համար պետք է ռեսուրսներ ներդնի»,– ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին ՀՀ ԿԲ–ի և 10 առևտրային բանկերի կողմից:
ԿԲ–ն առաջարկելու է, որ պետական վճարումների դեպքում միջնորդավճար չլինի