Վերին Լարսում շուրջ 250 բեռնատար է կուտակվել

Վերին Լարս
Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այս պահին շուրջ 250 բեռնատար կա կուտակված։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«ՀՀ-ՌԴ ուղղությամբ մոտ 150 բեռնատար կա, շուրջ 100 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– ասաց նա:
Նշենք, որ ճանապարհահատվածը բեռնատարների համար փակվել է հունվարի 8-ից։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: