ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի տարեվերջին, կառույցը կաշխատի ծանր և առանձնապես ծանր հանցանքների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեական ոստիկանությունում աշխատող կադրերն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով, որն արդեն հայտարարված է։
«Հունվարի 3-ից 26-ը դիմումների ընդունելության փուլն է, որին հաջորդելու են ստուգողական գործողությունները։ Ըստ առկա պլանավորման՝ այս տարվա մայիսից կսկսվի բուն կրթական գործընթացը ՆԳՆ կրթահամալիրում, որի ավարտը նախատեսվում է այս տարվա աշնանը։ Կրթության ավարտին կկատարվեն նշանակումները, և քրեական ոստիկանությունը պաշտոնապես կգործարկվի նոր տրամաբանությամբ»,- նշել է նա։
Ի դեպ, մրցույթի ձևաչափի տեսանկյունից ՆԳՆ-ն օգտագործել է պարեկային ծառայության ընդունելության մոդելը։ Այսինքն՝ մրցույթին կարող են դիմել ոչ միայն համակարգի գործող ծառայողները, այլ նաև քաղաքացիական անձինք։
Արփինե Սարգսյանը հիշեցրել է նաև, որ ՆԳՆ բարեփոխումների համատեքստում ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով և քրեական ոստիկանությունը դրանցից մեկն է լինելու։