ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Մեկ օրում երկրորդ զինծառայողի մահվան դեպքն է արձանագրվել։ Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Ինչ հանգամանքներում է զինծառայողը վնասվածք ստացել՝ չի նշվում։ ՊՆ հաղորդմամբ՝ քննություն է ընթանում դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով:
Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս դեպքը ևս տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի զորամասերից մեկում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։