ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Երևանում կարմիր գծերում կայանելու համար վճարել ցանկացող քաղաքացիները հունվարի 1-ից մտցված փոփոխություններից հետո հաճախ խնդիրների առաջ են կանգնում։
Ներկայում, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վճարում կատարել կարմիր գծերում կայանման համար, սոցցանցերում ահազանգում են` վճարումները չեն կատարվում մի շարք հավելվածների միջոցով։ Նշվում է նաև, որ sms հաղորդագրությունները հաճախ չեն ուղարկվում կամ պատասխան նամակներ չեն ստացվում, որպեսզի հասկանան` վճարում եղել է, թե ոչ։ Դեպքեր են լինում, երբ 1 ժամվա վճարումը մի քանի փորձից հետո կատարվել է, բայց պատասխան հաղորդագրությունը եկել է բովանդակությամբ, թե մինչև 2025 թվականի հունվարի 1-ը վճարումը կատարված է։
Պարզելու համար, թե ինչ տեխնիկական խնդիրներ են և ինչ պետք է անեն քաղաքացիները` Sputnik Արմենիան զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։
«Խնդրին տեղյակ ենք, բայց վճարման համար մեկ տարբերակ չենք առաջարկում այս պահին, դրանք մի քանիսն են, մինչև մյուս խնդիրներն էլ լուծվեն։ Անձամբ համացանցում մի քանի գրառում տեսել եմ, պատասխանել եմ դրանց։ Ներկայում ամսական և տարեկան վճարումները հնարավոր է անել բանկերում փոխանցումների կամ բանկային հավելվածների, ինչպես նաև e-payment և easy pay վճարային համակարգերի միջոցով։ Telcell wallet համակարգի տեխնիկական խնդիրները նույնպես լուծվել են, բայց դեռ աշխատում է որոշ ժամերի, խնդիրները շտկելու ուղղությամբ ընկերությունն աշխատում է»,– նշեց Կոստանյանը։
Նրա խոսքով` այս պահին 3-4 տարբերակով վճարում հնարավոր է անել, իսկ մնացած բոլոր տեխնիկական խնդիրները մի քանի օրվա ընթացքում հնարավոր է, որ լուծվեն։
Անդրադառնալով տուգանքներին` Կոստանյանը շեշտեց, որ այն քաղաքացիները, որոնք առաջիկայում կփորձեն վճարում կատարել, բայց տեխնիկական խնդիրներ առաջանան, չեն տուգանվի։
«Ոչ թե կփորձենք միանգամից տուգանել 5000 դրամով, այլ կաշխատենք մեղմ վերաբերվել, եթե տեխնիկական խնդիրների պատճառով վճարումը չկարողանան անել»,– նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Նշենք, որ հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիներում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները կվճարեն տարեկան 160 000 դրամ։ «Բ» գոտում կայանման համար վճարը կազմում է տարեկան 24 000 դրամ։