Ինչու է Երևանի քաղաքապետարանը ԼՂ քաղաքացիների կացության համար պայմանագիր կնքել դեկտեմբերին

Երևանի քաղաքապետարան
Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի` վճարված գումարը ներառում է ԱՁ–ի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում` հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հերքում է այն լուրը, թե անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի հետ 38 մլն դրամ 246 հազար դրամի պայմանագիր է կնքել հետին թվով։
Այսօր ԶԼՄ–ները գրել էին, որ 2023 թվականի դեկտեմբերի 28–ին Երևանի քաղաքապետանի և անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջև հետին թվով պայմանագիր է կնքվել 2023 թվականի հոկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի 10–ը «Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։ Նշվում էր, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է Արցախի հայաթափումից հետո:
Երևանի քաղաքապետի մամուլ քարտուղար Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ պայմանագիրը կնքվել է հյուրանոցային համալիրի կողմից ծառայությունները մատուցելուց հետո։
«2023 թվականի հոկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի 10–ը հյուրանոցային համալիրում կեցություն է տրամադրվել ԼՂ 83 քաղաքացու` այն անձանց, որոնք Երևան են եկել 2022 դեկտեմբերի 12–ին Լաչինի միջանցքի արգելափակման կամ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի ու Արցախի հայաթափման հետևանքով։ Մարդիկ գնացել են, նշված ժամանակահատվածում ապրել են հյուրանոցում, և երբ նրանք այնտեղից դուրս են եկել, հաշիվ–ապրանքագիր է դուրս գրվել, որի հիման վրա էլ փոխանցվել է այդ գումարը»,–ասաց նա։
Կոստանյանն ընդգծեց, որ կա կառավարության համապատասխան որոշում, որով ԼՂ–ից տեղահանված հայրենակիցների համար պետք է իրականացնել առաջնային խնդիրները, կեցության հարցերը կարգավորելու մի շարք քայլեր։ Պայմանագրում ընդգծվում է, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և կառավարության որոշման` պայմանագրի պայմանները կիրառվում են մինչ պայմանագիրը կնքելը` 2023թ. հոկտեմբերի 1–ից։
«38 մլն 246 հազար դրամը նշված ԱՁ–ին տրամադրվել է մեր հայրենակիցների կեցության հարցը կազմակերպելու համար»,– ասաց նա։
Գումարը ներառում է կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, այդ թվում` հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
Ըստ պայմանագրի` այն սենյակները, որոնք տրամադրվել են բռնի տեղահանված քաղաքացիներին, ապահովված են եղել Wi-Fi–ով, հեռուստացույցով, օդորակիչով, հիգիենայի պարագաներով, կահույքով, լոգարանով, լոգարանի պարագաներով և այլն։ Քաղաքացիներին տրվել է նաև մեկանգամյա սնունդ` նախաճաշ։
Սահմանի բերանին են, բայց իրենց ապահով են զգում․ Չինարիում հաստատված արցախցիների Նոր տարին