ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը ավելացրել է աշխարհում աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ դրա հետագա ընդլայնումը կարող է էներգետիկ գների աճի և բացասական մեծ հետևանքների հանգեցնել գլոբալ ակտիվության և գնաճի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի հաշվետվությանը։
«Մերձավոր Արևելքում վերջին հակամարտությունն ավելացրել է աշխարհաքաղաքական ռիսկերը։ Հակամարտության սրացումը կարող է հանգեցնել էներգետիկ գների աճի գլոբալ ակտիվության և գնաճի համար մեծ հետևանքներով», - ասվում է հաշվետվության մեջ։
Նշվում է, որ էներգակիրների գնաճը, ամենայն հավանականությամբ, արտադրության և մատակարարման ծախսերի ավելացման պատճառով կհանգեցնի պարենի և այլ ապրանքների թանկացման։
Համաշխարհային բանկում հավելել են, որ համաշխարհային տնտեսությունը մինչև հիմա շարունակում է զգալ վերջին տարիների ցնցումների «ձգձգված էֆեկտը», որոնց թվում նշվում է նաև կորոնավիրուսի համավարակը, գնաճի ավելացումն ու գլոբալ դրամական պայմանների կտրուկ խստացումը։
Համաշխարհային տնտեսության համար լրացուցիչ ռիսկերի թվում բանկում նշել են բարձր տոկոսադրույքների պատճառով ֆինանսական պայմանների վատթարացումը, կայուն գնաճը, Չինաստանի ավելի թույլ աճը, առևտրային մասնատվածությունը և կլիմայի փոփոխման հետևանքները։
Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ Համաշխարհային բանկը ընդգծել է, որ դրա սրացման վտանգը շարունակում է բարձր մնալ և կարող է նյութականացվել։