ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, որտեղ մեկ օրվա ընթացքում երկու զինծառայողի մահվան դեպքեր են արձանագրվել։ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԳՇ պետը հանդիպել հրամանատարական կազմի հետ:
«Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները։ Ասրյանը շեշտել է կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումների հետևողականորեն իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ զինծառայողի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս դեպքը ևս տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի զորամասերից մեկում։