Երևանում Կինոյի տան հարակից հատվածը կարող է կոչվել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով

Սերգեյ Փարաջանովի արձանը
Կինոյի տան շենքի դիմաց տեղադրվելու է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արձանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևանի Կինոյի տան հարակից հատվածը կկոչվի լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Այդ հարցով Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան։
«Այս հատվածը կդառնա զբոսաշրջիկների և ուղղակի քաղաքացիների համար հաճելի վայր, կգան, կնստեն այստեղ, կնկարվեն։ Ցանկանում ենք այնպես անել, որ այս հատվածով անցնելիս մարդիկ շունչը զգան, որ Կինոյի տան մոտով են անցնում»,– ասաց Դանիելյանը։
Հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական օրվա շրջանակներում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում, ինչպես Երևանում և մարզերում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես Վրաստանում։ Մեկնարկը տրվել է այսօր` Երևանի Կինոյի տանը հուշարձանի տեղադրման արարողությամբ։
Միջոցառմանը մասնակցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չբացառեց, որ քանդակը հետագայում հանեն Կինոյի տան նախասրահից և կտեղադրեն շենքի դիմացի հարակից տարածքում։
«Հուշարձանը համապատասխանում է Փարաջանովի ոգուն և իր բնավորությանը։ Նախատեսում ենք ապագայում Կինոյի տան մոտ աստղային արահետ ստեղծել և հենց այնտեղ էլ տեղադրել հուշարձանը»,– նշեց Անդրեասյանը։
Կինոյի տանը նաև տեղի ունեցավ Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ֆիլմի ցուցադրությունը: Ներկայացվեց նաև Փարաջանովի «Ջոկոնդա» թեմայով աշխատանքների ցուցադրությունը:
Ինչպես Sputnik Արմենիային ասաց միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, սա յուրատեսակ երկխոսություն է Սերգեյ Փարաջանովի և արհեստական բանականության միջև։
«Այս երկխոսությունը ոգեշնչված է Փարաջանովի շարքից, որը կոչվում է «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից»։ Նկարիչ, լուսանկարիչ Դավիթ Գալստյանի ղեկավարությամբ արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվել են Ջոկոնդայի նոր վերափոխումներ»,– ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ փարաջանովյան Ջոկոնդայի շարքը, որը ստեղծվել է 80-ականներին, ինչ-որ չափով հիշեցնում է արհեստական ինտելեկտի գեներացիա։