Չեն քանդվի, բայց կարող են տեղափոխվել. Օղակաձև այգու թենիսի կորտերի ճակատագիրը

Օղակաձև զբոսայգի
Օղակաձև այգու 4-րդ հատվածի մոտ գտնվող Շախմատի տան շենքը, ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները կպահպանվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու նպատակ չունի, բայց չի բացառվում, որ դրանք կտեղափոխվեն։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում դրանք այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,– նշել է Կոստանյանը։

Նրա խոսքով` Օղակաձև զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելն է, բայց չնայած դրան 1990-ականներին այգում շատ ծառեր հատվել են:
Նշվում է, որ 2000-ական թվականներին այգու տարածքի որոշ հատվածեր վարձակալության են տրվել, անկանոն կառուցապատվել, կանաչ գոտիները վերածվել են սրճարանների։
Ինչու է Երևանի քաղաքապետարանը ԼՂ քաղաքացիների կացության համար պայմանագիր կնքել դեկտեմբերին
Այժմ Օղակաձև այգու 4-րդ հատվածում (Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց) ընկած տարածքում նույնպես նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները և կանաչապատ տարածքները: Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն կերպով տեղաբաշխված տարածքներ։ Դրանց պատճառով հնարավոր չէ ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը:
«Քաղաքացիների հանգիստը այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման: Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումներն այս պահին շարունակվում են, որի շրջանակում առաջարկվում է ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտնային արահետների ցանց»,– գրել է Կոստանյանը։
Նա նշել է` նախատեսում են կառուցել շատրվաններ, սպորտային գոտիներ և հաճախորդների սպասարկման ու զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու բարեկարգման այլ տարրեր:
Այգու արդյունավետ օգտագործման և տարբեր եղանակային պայմաններում, շուրջտարյա գործունեության ծավալման նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ սննդի սպասարկման կետեր, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման համար կնախատեսվի համապատասխան միջավայր:
Շախմատի տան շենքը, ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները, ենթակա են պահպանման: Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նաև բարեկարգել և տեսքի բերել դրանց հարակից տարածքները: