ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի խնդրանքով վրացական կողմը լրացուցիչ ռեսուրսներ է ներգրավել տոնական օրերին հայ-վրացական սահմանին գոյացած հերթերը սպասարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մաքսային հսկողության վարչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Դեկտեմբերի 31-ին գրել էինք, որ հայ-վրացական սահմանին ՝ Բագրատաշենի անցակետի մոտ, հսկայական հերթեր են գոյացել։ Խցանումները կիլոմետրեր էին ձգվում։ Ականատեսները հայտնում էին, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ցանկացողներին առաջարկում են շրջանցել հիմնական մայրուղին (գյուղերի ներսում երևանցիներին անհայտ ճանապարհներով) և դուրս գալ արդեն սահմանի մոտ՝ կողքից մխրճվելով հերթի մեջ: Դրա համար «օգնականները» որոշակի գումար են գանձում։
«Տոնական օրերին սահմանային անցումային կետերում առաջացած կուտակումները պայմանավորված չէին մաքսային հսկողության աշխատանքներով։ Սահմանահատման գործընթացը երկկողմ հսկողություն և գործունեություն է ենթադրում, ինչը նշանակում է, որ նշված գործընթացի տևողությունը կախված է սահմանի երկու կողմում հսկողական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողություններից։ Այնուամենայնիվ, խնդիրը աշխատանքային կարգով քննարկվել է վրացական կողմի հետ, և նրանք մեր խնդրանքով լրացուցիչ ռեսուրսներ են ներգրավել տվյալ աննախադեպ ուղևորահոսքերն ավելի արագ սպասարկելու համար»,- նշված է ՊԵԿ–ի պատասխանում։
Կոմիտեից հստակեցրել են, որ չեն կարող տվյալներ տրամադրել այն մասին, թե քանի մարդ է տոների ընթացքում (դեկտեմբերի 30–ից հունվարի 4–ը) հատել հայ–վրացական սահմանը (այդ տվյալները ԱԱԾ սահմանապահ կառույցների տիրույթում են)` հիշեցնելով, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մաքսային հայտարարագրման ենթակա չեն։ ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց տեղափոխման դեպքում մաքսային հսկողության է ենթարկվում միայն այդ տրանսպորտային միջոցների ուղեբեռը։
Նշենք, որ ՀՀ պետական սահմանի անցումային կետերում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՊԵԿ մաքսային մարմինները: