2023-ի ընթացքում Փաշինյանի աշխատակազմն ավելի քան 413 միլիոնի պարգևավճար է ստացել

Արխիվային լուսանկար
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ 2023 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատողներն ընդհանուր 413 միլիոն 495 հազար դրամի պարգևավճար են ստացել։ Տեղեկությունը հայտնել են կառավարությունից՝ 168․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից պարբերականին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։
Թերթը հիշեցնում է, որ Փաշինյան իրեն նախորդող բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, սակայն ինքն էլ ծրարով գումար փոխանցելու փոխարեն նույն գործարքը կատարել է անկանխիկ տարբերակով։