ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Թանկարժեք մետաղների հարգադրոշմների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Փաստաթուղթը ստորագրվել էր 2021 թվականին, այնուհետև վավերացվել։
Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ երկրները պարտավորություն էին ստանձնել ոսկերչական իրեր ներմուծելիս վստահել միմյանց հարգադրոշմներին, կրկնակի ստուգումներ չանցկացնել և այդ կերպ առանց ուշացումների ապրանքները բաց թողնել իրենց շուկա:
Տերյանը, առանց մանրամասնելու, նշեց, որ համաձայնագիրը դե ֆակտո այդպես էլ չաշխատեց։ Ներկայումս Հայաստանը նախատեսում է հարցը լուծել ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին նմանատիպ բնույթի երկկողմ համաձայնագրեր ստորագրելով։
Նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Բելառուս ոսկերչական իրերի արտահանումը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ մոտ 185 հազար ԱՄՆ դոլարից հասնելով 430 հազար ԱՄՆ դոլարի, Ղազախստան՝ մոտ 1 մլն 430 հազար դոլարից նվազել է մինչև 1 մլն 250 հազար դոլար, Ռուսաստան՝ մոտ 4 մլն 300 հազար դոլարից հասել է 9 մլն 300 հազար դոլարի։