ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահին հերթական ընտրությունների նախաշեմին գոնե ինչ-որ «հաջողության պատմություն» է պետք Հարավային Կովկասում ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեսքով։ Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հերթական այցը Հայաստան։
Ավելի վաղ ամերիկացի դիվանագետին ընդունել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հանդիպման կենտրոնական թեման Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացն էր:
Սուրենյանցի խոսքով՝ ամերիկացիները հիմա փորձում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն ամեն գնով իրենց մոտ կազմակերպել։
ԱՄՆ-ի միջնորդությամբ նախարարական հանդիպումը նախատեսված էր դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվեց դրանից: Դեկտեմբերին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ ևս մեկ հանդիպում նախատեսված է 2024 թվականի հունվարին: Ժամկետները դեռ հայտնի չեն ։
Փորձագետը նշեց, որ Բոնոյի այցը Հայաստան ուղղված է նախարարական հանդիպման մշակմանն ու կազմակերպմանը: Նրա խոսքով՝ շատ դժվար է ասել՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Մինչ այժմ Ադրբեջանը կամ հրաժարվում էր հանդիպումներից, կամ էլ ԱՄՆ-ից չափազանց բարձր գին էր պահանջում համաձայնության և մասնակցության դիմաց:
Քաղաքագետը նշեց, որ այս պահին ադրբեջանական մամուլում հակաամերիկյան քարոզչության և հռետորաբանության բավականին բարձր աստիճան է նկատվում։
«Անկեղծ ասած, չգիտեմ՝ արդյոք Վաշինգտոնում կցանկանան այդքան մեծ ջանքեր և ռեսուրսներ գործադրել հանդիպում կազմակերպելու համար, բայց կարծում եմ, որ նման բանակցությունները հիմա ավելի շատ անհրաժեշտ են ԱՄՆ ներկայիս վարչակազմին։ Նրանց ինչ-որ հաջողություն է պետք աշխարհի գոնե ինչ-որ կոնֆլիկտային կետում։ ԱՄՆ-ն խնդիրներ ունի Մերձավոր Արևելքում, խնդիրներ ունի Ուկրաինայում։ Այս պայմաններում Բայդենին ընտրություններից առաջ որոշակի արտաքին քաղաքական ձեռքբերում է պետք»,-կարծում է Սուրենյանցը։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը կասկածում է Հարավային Կովկասում բանակցությունները միանձնյա մոդերացնելու ԱՄՆ-ի կարողությանը։ Տարբեր թեժ կետերում ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրների ֆոնին վարչակազմը ձգտում է նվազեցնել այն կոնֆլիկտային գոտիների թիվը, որտեղ նա ուղղակի առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Այդ մասին է վկայում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի գոնե վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին:
Հարավային Կովկասում իրավիճակը բավական բարդ է, և եթե աշխարհաքաղաքական կենտրոններից մեկն իր մրցակցին դուրս մղի տարածաշրջանից, ապա ստիպված կլինի միանձնյա կրել հետագա ողջ պատասխանատվությունը։ Սուրենյանցը վստահ է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ նման միանձնյա պատասխանատվության։