Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 161-ի

Իսիկավա պրեֆեկտուրայում բացվել է 357 տարհանման կետ, տարհանվածների թիվը 28 800 է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 161-ի, ևս 103 մարդ կապի դուրս չի գալիս։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ավելի քան 2300 մարդ ճանապարհների և կամուրջների փլուզման պատճառով կտրվել է հաղորդակցություններից:
Հիշեցնենք` հունվարի 1–ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ Ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,6։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։