ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հետ զենքի մատակարարման շուրջ քննարկումները շարունակվում են։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ 2021 թվականից ի վեր կնքվել է զենքի մի քանի պայմանագիր, որոնք չեն կատարվել, այժմ դրանց մի մասը վերանայվում է և թարմացվում։
«Նոր պայմանագրեր չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում թարմացումներ են կատարվում։ Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասով մանրամասներ չեմ հայտնի, բայց եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։