Մենք տիրապետում ենք կոնկրետ հարցերից խուսափելու նուրբ արվեստին, բրիտանացիները՝ ոչ

Բարձրախոսներ
Sputnik
Հայաստանցի վերլուծաբանների կանխատեսումներին հետևո՞ւմ եք։ Այս տարվա հետ կապված ինչ հարց ուզում եք, տվեք՝ կստորագրվի՞ արդյոք խաղաղության բազմաչարչար պայմանագիրը, Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ կսանձազերձի՞, թե՞ ոչ, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանա՞ն, անմիջապես կլսեք գեղեցիկ ձևակերպված մտքեր, բազմաթիվ «եթե»-ներ, անորոշ ու լղոզված դատողություններ, Ադամից ու Եվայից սկսվող երկարաշունչ պատմություններ, մի խոսքով, ամեն ինչ, բացի կոնկրետ պատասխաններից։ Բան չունեմ ասելու՝ այնքա՜ն անսպասելի իրադարձություններ կարող են տեղի ունենալ։
Վերցրեք թեկուզ կորոնավիրուսը՝ ո՞վ էր, ասենք, 5 տարի առաջ կանխատեսում, որ 2020 թվականին համավարակը լիովին կփոխի բոլորիս կյանքը, սահմաններ կփակի։ Ու հիմա, երբ ամերիկյան «Պոլիտիկո» պարբերականը կանխատեսում է, որ 2024-ին մի վիրուս էլ կաթվածահար կանի աշխարհի բոլոր համակարգիչները, ես ի՞նչ անեմ, չհավատա՞մ…
Բոլոր դեպքերում քաջ գիտակցելով, որ շարքային քաղաքացին ցանկանում է իրեն հուզող հարցի շատ կոնկրետ պատասխանը լսել, բրիտանական «Ֆայնենշլ թայմս» օրաթերթի փորձագետները հենց այդպես էլ վարվել են՝ կարևորագույն հարցերին տալով շատ կարճ պատասխաններ` «այո» կամ «ոչ»։ Իհարկե, նաև հակիրճ հիմնավորելով, թե ինչու են այդպես կարծում։ Սկսենք։ Դոնալդ Թրամփը կրկին ԱՄՆ-ի նախագահ կդառնա՞։ Ո՛չ։ Պայքարը թեժ կլինի, բայց միևնույննէ, ծերացող Բայդենը վերջում առաջ կանցնի. ոչ թե նրա համար, որ ամերիկացիները նրան այդքան շատ են սիրում, այլ որովհետև Թրամփի վերադարձից ընտրողներն ավելի շատ են վախենում։ Համաձայնե՛ք` ծանոթ պատկեր է։
Արդյոք Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի զինված առճակատումը կվերաճի՞ տարածաշրջանային հակամարտության։ Ո՛չ։ Ճիշտ է, Իսրայելի կոշտ գործողությունները Գազայի հատվածում արդեն բռնության ալիք են բարձրացրել տարածաշրջանով մեկ, մասնավորապես Եմենում գործող խմբավորումները փորձել են փակել մուտքը դեպի Կարմիր ծով, և ակտիվացել է Լիբանանի կյանքում մեծ դերակատարություն ունեցող «Հզբոլահը», սակայն ողջ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե դա ցանկանան Վաշինգտոնն ու Թեհրանը։ Իսկ նրանք չեն ուզում։
Չինաստանը ռազմական գործողություններ կսկսի՞ Թայվանի դեմ։ Ո՛չ։ Հենց այս ամիս Թայվանում կայանալիք նախագահական ընտրություններում, իրոք, կարող է իշխանափոխություն կատարվել։ Բայց որքան էլ տարբեր լինեն ընդդիմադիր թեկնածուի մոտեցումները, արդեն երևում է, որ նա մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել, որը հարձակվելու առիթ կտար Պեկինին։ Այսինքն` նոր նախագահի շուրթերից մենք երբեք չենք լսի «Թայվանը անկախ է, և վե՛րջ» կամ «Ես զրոյից եմ սկսում բանակցությունները» սադրող արտահայտությունները։
Կշարունակե՞ն արդյոք Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ֆինանսավորել Ուկրաինային։ Այո՛։ Որքան էլ ուռճացվի այն հարցը, որ Կոնգրեսը հրաժարվել է փող հատկացնել Ուկրաինային՝ դա պայմանավորելով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմաններն ամրացնելու և վերահսկողությունն այնտեղ խստացնելու պահանջով, այդ խնդիրն ի վերջո միանգամայն լուծելի է, և Ուկրաինան կշարունակի հսկայական գումարներ ստանալ Ամերիկայից ու Եվրոպայից։ Միաժամանակ «Ֆայնենշլ թայմսի» փորձագետները փաստում են` Արևմուտքը, լավ հասկանալով, որ Կիևը հազիվ թե կարողանա բեկում մտցնել ռազմական գործողություններում, այս տարի ուժեղացնելու է ճնշումը` փորձելով համոզել Ուկրաինայի իշխանություններին բանակցել Ռուսաստանի հետ։
Հետաքրքիր է, որ բրիտանական թերթի փորձագետները նույնիսկ կադրային հարցերին են շատ կոնկրետ պատասխաններ տալիս, մինչդեռ մեզ մոտ` Հայաստանում, պետական պաշտոնյայի ճակատագիրը, ինչպես տեսանք վերջին օրերին, հաճախ կախված է պարզապես անպատկերացնելի հանգամանքներից՝ ինչպես է ամրացված կախիչը մարզասրահում, ինչ արժե ցնցուղը,կամ արդյոք դպրոցի զուգարաններում թափանցիկ ապակուց դռներ են տեղադրված։ Դրսում հանկարծ չպատմեք՝ ուղղակի չեն հավատա։ Կրկնակի չեն հավատա՝ հա՛մ, որ չինովնիկի ճակատագիրը կախված է զուգարանի դռնից, հա՛մ էլ, որ չինովնիկին կարելի է ամենաբարձր մակարդակով հինգ ամիս շարունակ համոզել, որ թափանցիկ ապակուց դուռ չի կարելի դնել, բայց նա համառորեն պնդի՝ չէ՛, պիտի դնեմ։
Ինչևէ, բրիտանացի փորձագետներին հարց են ուղղել՝ արդյոք այս տարի իր պաշտոնում կմնա՞ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, որից բազմաթիվ երկրների ղեկավարներ շատ են բողոքում։ Ոմանք նույնիսկ առաջարկում են այդ կնոջից, ինչպես ասում են, «պրծնելու» համար, նրան նշանակել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ «Ֆայնենշլ թայմսի» մասնագետների պատասխանը միանշանակ է՝ այդ կինը կվերընտրվի իր պաշտոնում, որովհետև Եվրախորհրդարանի այս տարվա ընտրություններից հետո էլ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հիմնականում կպահպանի իր դիրքերը, իսկ այդ քաղաքական ուժը Ուրսուլա ֆոն դեր Լյաենից լավ թեկնածու չունի։
Միայն մի հարց կա, որին հրաժարվել են շատ կոնկրետ պատասխան տալ բրիտանացի փորձագետները՝ ո՞վ կդառնա այս ամառ կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող։ Համաձայնե՛ք` այնուամենայնիվ թույլ փորձագետներ են։ Հարցրե՛ք ցանկացած հայաստանցու, և նա ձեզ հաստատ կասի`պարզի չէ՞՝ եթե առաջնությունը Գերմանիայում է, ուրեմն…
Ուզում ենք խաչմերուկ դառնալ՝ մոռանալով, որ խաչմերուկը բավական վտանգավոր տեղ է